Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը փետրվարի 14-ին տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծն իրականություն է դարձել «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվորպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
Համաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի ընդարձակ տարածք` նախատեսված գրեթե 20 անձի համար: Համաշխատանքային տարածքը հագեցած է տեխնիկական ու աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Տարածքը նախատեսված է հարմարավետ աշխատանքի, ուսման, վարպետության դասերի, շնորհանդեսների, փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացման համար, ինչից կարող են օգվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը:
Համաշխատանքային տարածքը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, ինչպես նաև հատուկ դիլիջանյան ճարտարապետական լուծումներով փոքրիկ տնակներ: Նոր համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Դիլիջան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: