Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդավառը Տավուշում

Վարդավառը Տավուշում․ սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան տոն

Տավուշի մարզը՝ իր բնության գեղեցկությամբ ու հյուրընկալ բնակչությամբ, առանձնանում է ևս մի տարբերությամբ․ այն է Վարդավառի տոնի անցկացման և տոնակատարությունների կազմակերպման ավանդույթը, որ դարերով պահպանվել է ամբողջ մարզում՝ Դիլիջանից Իջևան, Բերդ և Նոյեմբերյան։

Հայ ժողովուրդն ունի հարուստ տոնածիսական մշակույթ, որի արմատները ձգվում են նախաքրիստոնեական դարերից։ Այդ տոներից մեկը Վարդավառն է։ Տոնը հայտնի է իր ուրախ և կենդանի բնույթով․ այդ օրը մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում՝ խորհրդանշելով մաքրություն, վերածնունդ և բարի ցանկություններ։ Հայոց ազգային տոնացույցում Վարդավառն առանձնանում է իր հնությամբ, բազմաշերտ իմաստներով և տարածական բնույթով։ Այն տարվա սպասված, ամառային ամենամեծ տոնն է, որը, ինչպես վկայում են և՛ բանավոր ավանդազրույցները, և՛ պատմագիտական աղբյուրները, սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանից, իսկ քրիստոնեության ընդունումից հետո վերաիմաստավորվել և համակցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցին՝ որպես Պայծառակերպության տոն։

Վարդավառը Տավուշում
Վարդավառը Տավուշում
Վարդավառը Տավուշում

Վարդավառի արմատները գալիս են հեթանոսական դարաշրջանից և կապված են սիրո, գեղեցկության, ջրի և պտղաբերության հովանավոր Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։

Հենց Աստղիկն է համարվել սիրո աստվածուհին, ում նվիրված արարողակարգերն ուղեկցվել են ջրի պաշտամունքով, ծաղիկների նվիրումով և տոնահանդեսներով։ Ըստ ավանդության՝ Աստղիկը վարդերով է լվացվել և իր մաքուր մարմնից վարդեր են թափվել, որոնք դառնում են Աստծո փառքի նշանները։ Այդ իսկ պատճառով է, որ Վարդավառի գլխավոր խորհրդանիշներից են վարդն ու ջուրը։ Այդ երկու տարրերը հանդես են գալիս իբրև սրբագործող և մաքրագործող՝ մարմնավորելով թե՛ երկրային և թե՛ երկնային գեղեցկության տարրերը։

Հայոց հին տոմարի Նավասարդ ամսվա առաջին օրերին՝ հուլիսին, նշվել է տոնը՝ որպես նոր տարվա սկիզբ և բարու խորհրդանիշ։ Նավասարդը համարվել է տարվա սկիզբը, և դրա առթիվ անցկացվել են մեծ շուքով ժողովրդական տոնախմբություններ։ Վարդավառն այդ տոնականության բաղկացուցիչ մասն է եղել, որտեղ ոչ միայն փառաբանել են բնության աստվածություններին, այլև հանդես են եկել ժողովրդական խաղերով, երգերով, պարերով և ջրի պաշտամունքով։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ 301 թվականին, Հայ Առաքելական եկեղեցին տոնին տվել է նոր բովանդակություն։ Այն վերակոչվել է իբրև Պայծառակերպության տոն։

Ըստ ավանդության՝ Վարդավառը նշվում է այն օրը, երբ Տերը բարձրացավ Թաբոր լեռը, աղոթեց և պայծառակերպվեց՝ աշակերտների առաջ հայտնվելով աստվածային փառքով։

Այսինքն, հին ավանդույթը եկեղեցին խարսխեց նոր ուսմունքի հիմքի վրա՝ պահպանելով տոնի արարողությունը, իմաստն ու նշանակությունը, սակայն մաքրելով դրանք հեթանոսական բովանդակությունից ու տարրերից։ Ի հակառակ բազմաթիվ նախաքրիստոնեական տոների՝ Վարդավառը չի արգելվել և չի ջնջվել ժողովրդի հիշողությունից։ Ընդհակառակը՝ այն վերաիմաստավորվել է, անցել տարբեր ձևափոխումների ընթացքով և շարունակում է ապրել հայ ժողովրդի կյանքում։

Վարդավառը Տավուշում

Ինչ պետք է իմանալ տավուշյան Վարդավառի մասին։

Տավուշի մարզում Վարդավառի տոնը հայտնի է «Վրթիվեր» անվամբ, որը բարբառով արտահայտումն է։ Բնակիչների համոզմամբ, «Վրթիվերը» նախնիներից է հասել մեր օրեր՝ որպես սերնդեսերունդ փոխանցվող ծիսակարգ։ Տարածված կարծիք է եղել, ըստ որի, տոնի անվանումը կապվում է «վարդ» ծաղիկի հետ։ Տոնն ունեցել է և այժմ էլ ունի իր յուրահատուկ ժամանակացույցը․ ինչպես բանավոր վկայություններն են փաստում, Տավուշի մարզում Վարդավառը միշտ նշվել է հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը։ Չնայած Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Վարդավառը նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո, Տավուշի մարզի բնակավայրերում՝ հատկապես Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի շրջաններում, ձևավորվել է ժողովրդական մի այլընտրանքային ավանդույթ՝ այն նշել հուլիսի վերջին կիրակի օրը։ Այս շարքում կան բացառություն կազմող գյուղական բնակավայրեր, որոնք ունեն տոնը նշելու իրենց ամսաթիվը (օրինակ՝ Ոսկեպար, Կիրանց, Չինարի, Մովսես․․․)։

Մարդկանց հիշեցողություններում դեռ թարմ է տոնի նկարագիրը․ դեռ 20-րդ դարի սկզբին Վարդավառի տոնը կապված է եղել դաշտային աշխատանքների ավարտի հետ։ Երբ հացահատիկի հունձն ավարտվում էր, համայնքի բնակիչները հավաքվում էին և կազմակերպում հյուրընկալ տոնական սեղան՝ ի պատիվ աշխատավորների։

Այս ավանդույթը վկայում է տոնի սեզոնային բնույթի, ինչպես նաև նրա՝ համայնքային համերաշխությունը խթանող նշանակության մասին։ Խորհրդային կարգերի ժամանակ՝ ինչպես նշում են մարդիկ, արգելված էր բացահայտ կերպով տոնել կրոնական ենթատեքստ ունեցող տոները։ Այդուհանդերձ, Վարդավառը պահպանվել է ժողովրդի հիշողության մեջ, իհարկե, խուսափելով բացահայտ քրիստոնեական բնութագրումներից։ Այդ տարիներին, ինչպես հետաքրքիր դրվագով պատմում է իջևանցի 72-ամյա պապիկը, ռադիոն փորձում էր վերաիմաստավորել տոնը՝ հայտարարելով, թե այն կապ ունի Վարդան Մամիկոնյանի հետ, ով իբր այդ օրերին զորքով անցել է Տավուշով և աղբյուրներ է կառուցել։ Չնայած այդ պատմությունը չունի որևէ պատմագիտական ապացույց, այն հետաքրքիր օրինակ է, թե ինչպես են փորձել տոնն աշխարհիկացնել՝ չեզոքացնելով դրա հոգևոր ու նախաքրիստոնեական տարրերը։

Տավուշի մարզում Վարդավառը միշտ եղել է մեծ ու սպասված տոն, որի առիթով հավաքվել են ոչ միայն համայնքի ներսի, այլև արտերկրում բնակություն հաստատած ընտանիքների անդամները։ Տոնն ընկալվել է որպես առիթ՝ վերադառնալու հայրական օջախ, հիշելու նախնիներին ու վերարժևորելու ընտանեկան կապերը։

Վարդավառին նախապատրաստվել են ամբողջ ընտանիքով։ Յուրաքանչյուրն իր գործն է ունեցել։ Երեխաները ջուր էին հավաքում, իսկ մեծերը՝ նախորդ օրը հավելյալ սեղաններ և աթոռներ էին բերում։ Ընդունված է եղել գառ գնել, կամ ունեցած գառը հենց տոնի առավոտյան մորթել։ Բոլորը՝ ունևոր թե աղքատ, իրենց ձևով մասնակցել են տոնին։ Տարիքով մեծերը հիշում են, թե ինչպես էին տարիներ առաջ Վարդավառը նշում սարերում՝ առատ բերք ու բարիքի պայմաններում։ Բազմաթիվ ընտանիքներում մատաղն արվել է որևէ խնդրանքի կամ շնորհակալության նպատակով՝ երեխան ծնվել է, հիվանդն առողջացել, անձը փորձանքից է փրկվել։ Մատաղի ծիսակատարությունները հաճախ կատարվել են խաչքարերի, սրբախաչ ծառերի կամ աղբյուրների մոտ, նաև այս նպատակով է, որ տոնը նշելու համար այցելում էին սրբավայրեր։

Խաշթառակ գյուղ
Խաշթառակ գյուղ

Տոնի օրն առավոտ ծեգին տան մեծը՝ տատը, սկսում էր գաթա թխել։ Պատրաստում էին նաև Վարդավառին հատուկ քաղցրավենիքը՝ նազուկը, որը տավուշյան բարբառում մի քանի անվանումներ ունի՝ սալի, հասալի, փսալի, թերթերուկ, նազուկ։ Ամբողջ գյուղով մեկ առավոտյան տարածվում էր թարմ նազուկի բույրը։


Հատուկ ուտեստ էր նաև գառան արյունը, որն այսօր էլ տեղական յուրօրինակ ճաշատեսակ է։ Տոնական սեղանը հիմնականում կազմված էր տնային պայմաններում պատրաստված կերակուրներից՝ սեփական այգուց հավաքված մրգերով ու բանջարեղենով։ Հյուրընկալության նշան էր համարվում տան դարպասների ու դռների բացված լինելը։ Շատ ընտանիքներում տան ավագը տոնի առավոտյան ասել է. «Ով Վարդավառի օրը առաջինն արթնանա ու լվացվի Վարդավառի ջրով, նրա աչքերը միշտ առողջ կմնան»։

Այդ օրն ասել են՝ չպետք է ոչ ոքի նեղացնես, վիճես կամ վատ խոսք ասես։ Տոնն ուղեկցվել է ջրոցիով՝ ջրային խաղով։ Ջրոցին ասոցացվել է մաքրության, հոգսերից ազատվելու և նոր սկզբի հետ։ Ասում էին, որ ջուրը ցավերն ու դժբախտությունները կտանի իր հետ, ու մարդը մաքրված կմնա՝ ինչպես հոգով, այնպես էլ մարմնով։ Ջրում էին բոլորին՝ երեխաներից մինչև երիտասարդներ։ Սակայն խաղը սահմաններ ուներ։ Հարգանքի նշան էր չջրել տարեց մարդկանց, եկեղեցուց դուրս եկողներին կամ սև հագուստով անցնողներին։

Վարդավառին ուղեկցող խաղերն ու զբաղմունքները նույնպես յուրահատուկ էին՝ պարզ, կենդանի ու ներգրավող։ «Տփնուկի», «Յոթ քար», ծաղկահավաք՝ խաղեր, որոնք մնայուն էին սերունդների հիշողության մեջ։ Դրանք խաղեր էին, որոնք պահանջում էին շարժում, կոլեկտիվ մասնակցություն, աղմուկ ու ծիծաղ։

Ավանդական խաղեր

Ծաղկահավաքը հատկապես սիրված էր։ Փոքր երեխաներն ու աղջիկները հավաքում էին դաշտի ծաղիկները, մասնավորապես «Նարգիզ» ծաղիկը, որը հենց վարդավառյան ծաղկատեսակ էր, փնջում էին, դրանցով զարդարում թե՛ իրենց, թե՛ շրջապատը։ Տավուշցիների հուշերում դեռ պահպանվել է, թե ինչպես էին այդ օրը զարդարում նաև կենդանիներին՝ հատկապես կովերին։ Կովերի եղջյուրներին ծաղկեպսակներ էին դնում՝ հավատալով, որ այդպես նրանք չեն հիվանդանա և առատ կաթ ու միս կտան։ Ծաղիկներով է զարդարվում նաև եկեղեցու խորանը։

Նարգիզ ծաղիկ

Ժողովրդական երգերը ուղեկցում էին տոնական օրն ու ամբողջ նախապատրաստական շրջանում։ Տոնին բնորոշ երգերն այսօր արդեն մոռացության են մատնվում, իսկ մի մասը ժամանակի ընթացքում ձևափոխվել են։ Մարդկանց հիշողության մեջ դեռ հստակ հնչում են այդ հին ու բարի մեղեդիները՝ «Վարդավառ է, վարդավառ, մեր գեղում մեծ վարդավառ», «Աղջի Լուսինե», «Իմ յարո ջան», «Լոռվա սիրուն սարերը»։ Այս երգերն արտահայտում էին մարդկանց սերը բնության, հայրենի գյուղի, սիրած անձնավորության և կյանքի հանդեպ։ Բացի երգերից, օրվա ամբողջ մթնոլորտը լցված էր օրհնանքներով։ Մարդիկ միմյանց ջուր էին ցողում՝ մաղթելով․ «Ջրի նման մաքուր լինես», «Ջուրը բախտդ կբացի», «Ջրի նման երկար կյանք ունենաս», և այլն։ Ջուրն այստեղ ուներ խորհրդանշական իմաստ՝ մաքրում էր հիվանդություններից, փորձանքներից, վատ մտքերից։

Տոնի կարևոր մաս էր կազմում նաև հումորը։ Տավուշցիների շրջանում տարածված հումորային խոսք կար․

«Տարվա կեսն աշխատում են Նոր տարի անելու համար, մյուս կեսը՝ Վարդավառ»։

Թեթև ժպիտ առաջացնող այս հումորի տակ թաքնված էր կարևոր գաղափար․ այսինքն, տոնն այնքան կարևոր է, որ արժեր ամիսներ շարունակ պատրաստվել՝ թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, ինչու ոչ՝ նաև ֆիզիկապես։ Օրվա ավարտին, երբ ջրոցին ավարտվում էր, և մատաղն արդեն մատուցված էր, մարդիկ միմյանց բարի խոսքեր էին ասում՝ բերք ու բարքի առատություն, առողջություն, և ամենակարևորը՝ խաղաղ երկինք ու ներդաշնակ աշխարհ։

 

Հեղինակ՝ Էռնեստ Խանումյան


Դիտեք Տավուշի մարզի համայնքներում անցկացված վարդավառյան միջոցառումների մասին մեր տեսանյութերը:

 

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԲերդԴիլիջանԻջևանՆոյեմբերյանՎարդավառՏավուշ
Հուլիսի 20, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Ներառական Տավուշ

«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3, 2025

...

Հաջորդ գրառումը
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус