Փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով բախվել ծառերին և հայտնվել ձորում, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել դիատարին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մնացականյանը ու Գուլքանյանը։
Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մահացածն աշխատում էր Ենոքավան բնակավայրի հիմնական դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի