Այսօր՝ 2026 թվականի հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Առավոտյան ժամը 08:00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 2005 ընտրական տեղամասերը, որոնցից 9-ը գործում են քրեակատարողական հիմնարկներում։ Ընտրողների էլեկտրոնային գրանցման գործընթացն ապահովելու նպատակով հանրապետության ողջ տարածքում կիրառվում է շուրջ 4000 տեխնիկական սարքավորում, իսկ 1758 ընտրատեղամասերում տեղադրված են համաժամանակյա հեռարձակում իրականացնող տեսախցիկներ։ Ընտրական գործընթացի մատչելիությունն ապահովելու նպատակով 1996 ընտրատեղամասերից 612-ը հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ և շուրջ 180 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Տավուշ Մեդիան ընտրական օրվա լուսաբանումը սկսել է Դիլիջան քաղաքից։ Մեր նկարահանող խումբն այցելել է քաղաքի մի շարք ընտրատեղամասեր, զրուցել ընտրողների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ։
Առավոտյան ժամերի դրությամբ ընտրատեղամասերում աշխատանքը կազմակերպված էր բնականոն ռեժիմով։ Ընտրական գործընթացի մասնակիցների փոխանցմամբ՝ էական խնդիրներ կամ խոչընդոտներ չեն արձանագրվել, իսկ քաղաքացիների մասնակցությունն աստիճանաբար ակտիվանում էր։ Դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները նշում էին, որ հետևում են քվեարկության ընթացքին և արձանագրում ընտրական գործընթացի բոլոր փուլերը։ Տեղամասային հանձնաժողովների անդամների խոսքով՝ ընտրությունները մեկնարկել են կազմակերպված պայմաններում, իսկ տեխնիկական սարքավորումներն աշխատում են անխափան։
Օրվա ընթացքում Տավուշ Մեդիան շարունակաբեր հետևել ընտրությունների ընթացքին,հետևեք թարմացվող տեղեկատվությանը՝ Տավուշն ընտրում է։





