ԵԱՀԿ ԺՀՄԻԳ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները` երկարաժամկետ դիտորդներ Մարտին Նետզերը ու Ռոբերտ Մանգամն այցելել են Տավուշ Մեդիա՝ ծանոթանալու առաջիկա խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Տավուշ Մեդիայի կողմից ձեռնարկվող նախաձեռնություններն ու աշխատանքային մեխանիզմները՝ միտված ընտրական գործընթացների բազմակողմանի, հավասարակշռված և անաչառ լուսաբանմանը։ Անդրադարձ է կատարվել նաև ընտրությունների ընթացքում տեղեկատվական անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի և հանրության իրազեկվածության բարձրացման հարցերին։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները կարևորել են անկախ մեդիայի դերն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ ազատ և պատասխանատու մամուլը ժողովրդավարական ընտրությունների առանցքային բաղադրիչներից է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խորհրդարանական ընտրությունների համատեքստում առկա ներքին և արտաքին մարտահրավերները, տեղեկատվական դաշտում առկա ռիսկերն ու դրանց հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների վրա։







