Հայաստանում մեկնարկել է «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնության շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը՝ բարելավելու բնակարանների էներգաարդյունավետությունը, նվազեցնելու էներգետիկ ծախսերը և բարձրացնելու կենցաղային հարմարավետությունը։
Նախաձեռնությանը կարող են դիմել Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի խոցելի և կին գլխավորությամբ տնային տնտեսությունները, որոնք որպես ջեռուցման հիմնական միջոց օգտագործում են վառելափայտ կամ աթար՝ վառարանների միջոցով։
Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել շուրջ 300 տնային տնտեսության՝ նպաստելով էներգետիկ ծախսերի կրճատմանը, բնակարանների էներգաարդյունավետության և հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը։
Շահառուներին կտրամադրվի հետևյալ աջակցությունը․
- բնակարանների ջերմամեկուսացում (դռների և պատուհանների փոխարինում, պատերի, տանիքի և հատակի մեկուսացում),
- արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում,
- արևային ջրատաքացուցիչների տեղադրում,
- էներգաարդյունավետ վառարանների տրամադրում։
Ընտրված շահառուները պարտավոր են ապահովել նվազագույնը 10% համաֆինանսավորում ընդհանուր ներդրման արժեքից՝ բացառությամբ էներգաարդյունավետ վառարանների տրամադրման դեպքերի։
Դիմումները ընդունվում են բացառապես առցանց՝ SAFER նախաձեռնության պաշտոնական safer.am կայքի միջոցով, որտեղ ներկայացված են նաև մասնակցության չափանիշները և դիմելու ընթացակարգը։
Ծրագիրն իրականացվում է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ, GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։





