Ճանապարհային երթևեկության հնարավոր վտանգները կանխելու նպատակով Մ-4 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 143-րդ կմ հատվածում՝ Աչաջուր բնակավայրի մոտ, ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվեցին կանխարգելիչ հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Ճանապարհին հարակից լանջի վրա առկա էին տարբեր չափերի անկայուն և կախված ժայռաբեկորներ, որոնք քարաթափման դեպքում կարող էին վտանգ ներկայացնել ավտոճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։Աշխատանքներն իրականացվեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության, Իջևանի համայնքապետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության համատեղ ուժերով։
Նմանատիպ կանխարգելիչ միջոցառումները շարունակական են լինելու՝ հնարավոր վտանգները ժամանակին հայտնաբերելու և ճանապարհներին վթարային իրավիճակները կանխելու նպատակով։




