Հոկտեմբերի 25-ին Իջևանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված են երիտասարդներ, իսկ ցուցակը գլխավորում է անկուսակցական Լևոն Վարդապետյանը։ Սեպտեմբերի 30-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում թիմն այցելել է քաղաք Իջևան ու համայնքի գյուղական բնակավայրերը՝ հանդիպելով բնակիչներին, ծանոթանալով նրանց խնդիրներին և ներկայացնելով իր ծրագրերը։ Թիմի առաջնահերթություններից են սպորտի զարգացումը, երիտասարդների համար հավասար հնարավորությունների ստեղծումն ու համայնքում մասնագիտական ներուժի իրացման պայմանների բարելավումը։
Թիմում կարևորում են նաև քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին՝ ընդգծելով, որ համայնքի ապագայի ձևավորման հարցում նշանակություն ունի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը։ Իջևանում նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Հոկտեմբերի 25-ին համայնքի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեով որոշելու համայնքի կառավարման առաջիկա հինգ տարիների ուղին։
Տավուշ Մեդիան առաջարկել է Իջևանում առաջադրված քաղաքական ուժերին լուսաբանել իրենց գործունեությունը նախընտրական շրջանում։ Առաջարկն ընդունած ուժերի գործունեությունն առաջիկայում կներկայացնենք մեր հարթակներում՝ ապահովելով հավասար և անկողմնակալ լուսաբանում։





