Փրկարար ծառայության կողմից կազմակերպվող միջոցառումները հրդեհների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման հարցում առանձնահատուկ կարևորություն ունեն։ Այս նախաձեռնությունները նպաստում են բնակչության իրազեկվածության բարձրացմանը, սովորեցնում ճիշտ և արագ արձագանքել արտակարգ իրավիճակներում։
Մարտ ամսին ՆԳՆ ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբն Ազատամուտի մշակույթի կենտրոնում կազմակերպել և անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացում, հայտնաբերված տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և դուրսբերում անվտանգ վայր» թեմայով։
Նույնաբովանդակ ուսումնավարժություն է անցկացրել նաև Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը՝ Կոթիի մշակույթի կենտրոնում։
Ուսումնավարժությունների ընթացքում խաղարկվել է պայմանական հրդեհ, որին հաջորդել է օպերատիվ արձագանք․ հրդեհաշիջման աշխատանքներ՝ համապատասխան միջոցների կիրառմամբ, տուժածների որոնման և հայտնաբերման գործողություններ, տարհանման աշխատանքներ, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և տեղափոխում անվտանգ վայր։
Ուսումնավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավվել է սահմանամերձ բնակավայրերից մոտ 80 մասնակից։ Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ։





