Դիլիջանի ապագայի մասին խոսակցությունը սկսվում է հենց քաղաքից՝ նրա փողոցներից, ճարտարապետությունից, հանրային տարածքներից և այն միջավայրից, որտեղ ամեն օր ապրում են մարդիկ։ Ինչպե՞ս պահպանել քաղաքի ինքնությունը, միաժամանակ ստեղծել զարգացման նոր հնարավորություններ։ Tourism Regional Forum 2026-ի պաշտոնական մեկնարկից առաջ Դիլիջանում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ Դիլիջանի քաղաքային կերպարի ու ներդաշնակ զարգացման հարցերի օրակարգով։
«Tourism Regional Forum-ի պաշտոնական մեկնարկից առաջ այստեղ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված քաղաքի քաղաքային կերպարի ձևավորմանն ու ներդաշնակ զարգացմանը։ Միասին քննարկեցինք, թե ինչ պետք է անել, որպեսզի Դիլիջանը դառնա ավելի ներդաշնակ ու գրավիչ քաղաք՝ ինչպես տեղի բնակիչների և բիզնեսների, այնպես էլ այստեղ տեղափոխվող մարդկանց ու ներդրողների համար», — նշում է Green Rock հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան։
Քաղաքի դիմագիծը ձևավորվում է տարիների ընթացքում, իսկ դրա փոփոխություններն անմիջականորեն ազդում են բնակիչների կյանքի որակի, տեղական բիզնեսի և նոր ներդրումների հնարավորությունների վրա։ Դիլիջանի դեպքում այս հարցերն ավելի լայն քննարկման մաս դարձան հոկտեմբերի 9-ից 11-ը քաղաքում անցկացվող Tourism Regional Forum 2026-ի շրջանակում։ Green Rock-ի նախաձեռնությամբ ֆորումն անցկացվում է երկրորդ անգամ։ Այս տարի շուրջ 150 մասնագետների և ոլորտի առաջնորդների միավորող միջոցառման առանցքում «Երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններ» գաղափարն է։ Այն վերաբերում է նրան, թե ինչպես կարող են քաղաքներն ու զբոսաշրջային ուղղությունները զարգանալ՝ միաժամանակ ամրապնդելով իրենց ինքնությունը, տնտեսությունն ու համայնքային կյանքը։
«Մեզ համար կարևոր է, որ Դիլիջանը դառնա զբոսաշրջության և գործարար համայնքի հանդիպման կենտրոն, որտեղ ձևավորվում են նոր գաղափարներ, փոխանակվում գիտելիքներ և քննարկվում ոլորտի զարգացման հեռանկարները։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող Տարածաշրջանային զբոսաշրջային ֆորումի այս տարվա թեման տարածաշրջանների զարգացումն է։ Մեր նպատակն է միջազգային լավագույն փորձը կիրառել Դիլիջանում՝ նպաստելով քաղաքի կայուն զարգացմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։ Վստահ եմ, որ Դիլիջանն ունի մեծ ներուժ, իսկ նրա ապագան ձևավորվում է մեր համատեղ ջանքերով», — իր խոսքում ասաց Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։
Այս մոտեցման կարևոր բաղադրիչներից մեկը մշակույթն է։ Այն կարող է նոր այցելուներ բերել քաղաք, խթանել միջազգային համագործակցությունը և ձևավորել միջավայր, որի հետ մարդիկ կապ են հաստատում նաև իրենց այցելությունից հետո։ Ֆորումի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երաժշտության ու մշակութային միջոցառումների դերին։ Երաժշտությունը միավորում է տարբեր համայնքների, ստեղծում երկխոսության ու փոխըմբռնման հնարավորություններ և կարող է դառնալ քաղաքի միջազգային ճանաչելիության կարևոր գործոն։
«Մշակույթը զբոսաշրջության հետ կապելը հրաշալի գաղափար է։ Այս համատեքստում հատկապես կարևոր է ընդգծել երաժշտության դերը, քանի որ այն մշակույթի անբաժանելի մասն է և միավորում է հասարակության տարբեր խմբերին՝ ստեղծելով երկխոսության, փոխըմբռնման և մարդկանց միջև կապերի հաստատման հնարավորություններ։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում և առաջին անգամ՝ Դիլիջանում։ Ունեմ բազմաթիվ հայ ընկերներ և բավականին լավ ծանոթ եմ հայկական մշակույթին, հայ ժողովրդի հյուրընկալությանն ու առատաձեռնությանը։ Ինձ համար մեծ ուրախություն է այստեղ գտնվելը, անձամբ բացահայտել այս ամենը և զգալ այն ջերմ մթնոլորտը, որով առանձնանում են Հայաստանն ու նրա ժողովուրդը», — նշում է Գերմանացի աշխարհահռչակ ջութակահար Festival Ibiza Conciertos-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լինուս Ռոթը։
Դիլիջանում նախատեսվող Music Hall-ը կարող է խթանել մշակութային զբոսաշրջությունը՝ քաղաք բերելով միջազգային միջոցառումներ և նոր այցելուներ։ Զբոսաշրջության զարգացման մեկ այլ ուղղություն երկարակեցությունն ու բարեկեցությունն են՝ առողջ ապրելակերպի, որակյալ հանգստի և կյանքի հավասարակշռության վրա հիմնված նոր հնարավորություններով։
«Երկարակեցության թեման այսօր կարևորվում է աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից, քանի որ այն առնչվում է մարդու առողջությանը, կենսակերպին, սոցիալական միջավայրին և աշխատանքի ու հանգստի հավասարակշռությանը։ Այս միտումը հատկապես ընդգծվեց COVID-19 համավարակի ընթացքում, երբ մարդիկ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջության պահպանմանն ու կյանքի որակին», — իր խոսքում ասաց St. Moritz Longevity Forum-ի հիմնադիր Քրիստինա Մայքլը։
Երկարակեցությունն ու բարեկեցությունը զբոսաշրջության զարգացման նոր ուղղություններ են՝ ընդգծելով առողջ ապրելակերպի և կյանքի որակի կարևորությունը։ Միաժամանակ քաղաքի կայուն զարգացման համար անհրաժեշտ են մասնագիտական կրթություն, տեղական կադրերի պատրաստում և մարդկային ներուժի զարգացում։
«Այս ֆորումը կարևոր հնարավորություն է հատկապես Դիլիջանի համար։ Գիտեմ, որ Green Rock-ը քաղաքում զարգացնում է ենթակառուցվածքներ, որոնք կարող են նպաստել նաև զբոսաշրջային, մշակութային կյանքի ակտիվացմանը։ Սակայն, այսմ ամենին զուգահեռ անհրաժեշտ է ներդրումներ կատարել նաև մարդկային կապիտալի զարգացման, տեղական մասնագիտական կարողությունների հզորացման և համայնքի ներուժի բացահայտման ուղղությամբ», — նշեց Մալթայի ARC Research & Consultancy հիմնադիր և գործադիր տնօրեն Դավինիա Գալեան։
Երկարակյաց զարգացման համար կարևոր են նաև մասնագիտական կրթությունը, մարդկային ներուժի զարգացումն ու ներդրումները։ Դիլիջանում Green Rock-ի ծրագրերը՝ հյուրանոցից ու հյուրընկալության դպրոցից մինչև ապագա մշակութային հարթակներ, նոր հնարավորություններ են ստեղծում զբոսաշրջության և համայնքային կյանքի համար։ Այս ուղղությունների համադրումն է Tourism Regional Forum 2026-ի հիմնական գաղափարը՝ Դիլիջանի համար կայուն արժեք ստեղծել այսօր և երկարաժամկետ հեռանկարում։





