Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի նոր մասնաշենքը։ Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված եռահարկ շենքը հագեցած է հյուրընկալության ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։
«Երբ մենք սկսեցինք ձևավորել Դիլիջանի զարգացման մեր տեսլականը, գիտեինք, որ դրա ապագան պետք է շատ ավելին լինի, քան շենքերն ու ենթակառուցվածքները։ Այն պետք է լինի մարդկանց մասին՝ ստեղծելով միջավայր, որտեղ տաղանդավոր ու նպատակասլաց երիտասարդները կարող են սովորել, զարգանալ և կառուցել իրենց ապագան։ Հենց այդ պատճառով կրթությունն այդքան կարևոր տեղ ունի մեր տեսլականում։ Apicius Armenia-ն Հայաստան է բերում միջազգային փորձն ու գիտելիքը՝ երիտասարդներին հնարավորություն տալով ձեռք բերել միջազգային հմտություններ, բացահայտել իրենց ներուժը և կարիերա կառուցել հյուրընկալության ոլորտում։ Այսօր մենք բացում ենք նոր շենք, բայց առավել կարևոր է՝ բացում ենք նոր էջ», — Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։
Apicius Armenia-ն Ֆլորենցիայի Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի հայաստանյան ներկայացուցչությունն է։ Դպրոցը Դիլիջանում գործում է 2025 թվականից՝ Green Rock հիմնադրամի նախաձեռնությամբ և Green Rock-ի աջակցությամբ։ Դպրոցը միջազգային կրթական փորձը տեղայնացնում է՝ ձևավորելով մասնագետների, որոնք կարող են բավարարել Հայաստանի արագ զարգացող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի պահանջներին։
«Green Rock հիմնադրամը իր նախագծերը մշակելիս միշտ հաշվի է առնում ազդեցության երկարաժամկետությունը։ Մենք մտածված մի շարք նախագծեր ենք իրականացնում՝ մշակութային, կրթական և համայնքային, որպեսզի կարողանանք կոմպլեքս զարգացում ապահովել Դիլիջանի քաղաքում։ Նույն տրամաբանությամբ, Apicius-ը պարզապես դպրոց չէ, այլ ամբողջական համակարգ է, որը ուսանողին տալիս է կրթություն, իրական փորձ և անմիջական կապ տեղի համայնքի ու բնակիչների հետ։ Մեր նպատակն է պատրաստել մասնագետներ՝ պատրաստ աշխատելու իրական միջավայրում առաջին իսկ օրվանից և աջակցելու Դիլիջանի երկարաժամկետ զարգացմանը», — նշում է Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան։
Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Ուսանողները հնարավորություն ունեն երկրորդ տարին շարունակելու Ֆլորենցիայում կամ ամբողջ կրթական ծրագիրն ավարտելու Հայաստանում։ Իսկ առաջին ուսումնական տարվա արդյունքն արդեն միջազգային փորձի մեկնարկն է․ ութ ուսանող մեկնել է Ֆլորենցիա՝ կրթությունը շարունակելու և ոլորտում նոր փորձ ձեռք բերելու համար։ Դպրոցում ուսումնական գործընթացի շուրջ 80 տոկոսն անցկացվում է իրական-գործնական աշխատանքային միջավայրում, ինչի շնորհիվ ուսանողները մասնագիտական փորձ են ձեռք բերում դեռևս ուսումնառության ընթացքում։
Այս ուսումնական տարում դպրոցն արդեն ընդունել է մի քանի տասնյակ ուսանողների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց միավորում է հյուրընկալության ոլորտում մասնագիտական կրթություն ստանալու և ապագան այս ոլորտի հետ կապելու ցանկությունը։
Ծրագրի զարգացումը Դիլիջանի և ամբողջ Տավուշի զարգացմանն ուղղված ավելի լայն ռազմավարության մասն է։ Միջազգային կրթական փորձը տեղայնացնելով՝ նախաձեռնությունը նպատակ ունի նոր հնարավորություններ ստեղծել մարզի երիտասարդների համար, միաժամանակ ձևավորելով մասնագետներ, որոնք իրենց գիտելիքն ու փորձը կարող են ներդնել Տավուշի զարգացող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում։
Նոր մասնաշենքի բացմամբ Դիլիջանում ընդլայնվում են նաև միջազգային կրթության հնարավորությունները՝ քաղաքը դարձնելով հյուրընկալության ոլորտում մասնագիտական կրթության նոր կենտրոններից մեկը։
Կարդացեք նաև՝





