Նոյեմբերյանում մշակութային իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին՝ համայնքի մշակութային կյանքը լցնելով նոր գույներով, գաղափարներով ու նախաձեռնություններով։ Հոկտեմբերի 30-ին «Լոֆթ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնում հերթական մշակութային հանդիպման առիթն էր։ Բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի վերջին շրջանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Մենք հայ ենք» խորագրով։
Գեղանկարչը յուրաքանչյուր կտավի միջոցով ներկայացնում է իր տեսածը, զգացածն ու հայրենիքի հետ ունեցած կապը։ Աշխատանքները ծնվել են հենց հայրենի Նոյեմբերյանում, իսկ դրանք առաջինը տեսնելու և գնահատելու հրավերը հասցեագրվել էր ամենամոտ ու հարազատ հանդիսատեսին՝ նոյեմբերյանցիներին։
Նոյեմբերյանի մշակութային կյանքում նորությունները միայն ցուցահանդեսներով չեն սահմանափակվում։ Արվեստի դպրոցում ստեղծվել է բարձրագույն անվճար կրթություն ստանալու հնարավորություն, շարունակվում է նաև «Արվեստանոց մեծերի համար» նախաձեռնությունը, որը մեծահասակներին հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժն ու նորովի հաղորդակցվելու արվեստի հետ։
Արվեստը միավորում է սերունդներին, նոր հնարավորություններ բացում ու հիշեցնում սեփական ինքնության մասին։ Իսկ երբ խոսքը հայրենիքի մասին է, երբեմն բառերն ավելորդ են․ բավական է մի կտավ, որ պատմի ամենակարևորի մասին։




