Հայաստանը նշում է Անկախության 35-րդ տարեդարձը
1991 թվականի հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը: Իսկ հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին:
Հանրաքվեի արդյունքների հիման վրա՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն հռչակելու մասին որոշումը։ Այդպիսով հանրաքվեն դարձավ անկախ պետականության վերականգնման գործընթացի կարևորագույն հանգրվաններից մեկը։ Անկախության հռչակումից հետո Հայաստանի առջև ծառացած էին մի շարք կարևոր խնդիրներ՝ պետական կառավարման համակարգի ձևավորում, պետական սահմանների և անվտանգության ապահովում, տնտեսության վերակազմավորում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության դիրքի ամրապնդում։
Նորանկախ Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացը ևս արագ զարգացավ։ 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ՝ ստանալով միջազգային կազմակերպության շրջանակում ներկայացված լինելու և իր ինքնիշխան պետության կարգավիճակն ամրապնդելու հնարավորություն։




