Մայիսի 30-ին Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում տեղի է ունեցել զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումը։ Տարիների ընթացքում ավանդույթ դարձած մարզական այս միջոցառումը համախմբում է տարածաշրջանի տարբեր բնակավայրերի թիմերին՝ միաժամանակ հանդիսանալով հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հարգելու առիթ։
Հուշամրցաշարը կազմակերպվում է հաղթանակցի Սպիրիդոն Բրոյանի նախաձեռնությամբ։ Այն անցկացվում է արդեն 33-րդ անգամ՝ շարունակելով պահպանել իր նշանակությունն ու կարևորությունը համայնքի և մարզասերների համար։ Մրցաշարին մասնակցել են տարածաշրջանի մի շարք բնակավայրերի ֆուտբոլային թիմեր, որոնք պայքարել են պատվավոր գավաթի համար։
Այս տարվա եզրափակիչում հանդիպել են Աչաջուր և Բերդավան բնակավայրերի թիմերը։ Խաղից առաջ ֆուտբոլիստները և հյուրերն այցելել են հայրենիքի պաշտպանության համար զոհված հաղթանակցիների հուշարձան, որտեղ ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։
Եզրափակիչ հանդիպումն անցել է հետաքրքիր և լարված պայքարում։ Երկու թիմերն էլ ցուցադրել են կազմակերպված և պայքարող խաղ։ Հանդիպման արդյունքներով՝ Աչաջուրի թիմը 1։0 հաշվով հաղթանակ է տարել՝ դառնալով հուշամրցաշարի հաղթող։ Մրցաշարի ավարտին պարգևատրվել են նաև տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստները՝ արժանանալով պատվոգրերի և հուշանվերների։
Մրցաշարի կազմակերպիչները նշել են, որ նման միջոցառումները նպաստում են մարզական կյանքի ակտիվացմանը ու կարևոր դեր ունեն հայրենասիրական արժեքների պահպանման և երիտասարդ սերնդին ազգային հիշողության փոխանցման գործում։ Տասնամյակներ շարունակ անցկացվող այս հուշամրցաշարը շարունակում է միավորել համայնքների բնակիչներին՝ սպորտի միջոցով հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար զոհված ազատամարտիկների հիշատակին։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի։











