Օգոստոսի 12-ին լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության մայոր Վազգեն Գրիգորյանի 50-ամյակը։ Նրա ծննդյան օրը հարազատները, ընկերներն ու գործընկերները հավաքվել էին՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Վազգեն Գրիգորյանին ճանաչողները նրան հիշում են որպես նվիրված ծառայողի, ընտանիքի հոգատար անդամի և ընկերոջ։ Նրա քույրը՝ Բելլա Գրիգորյանը, նշում է, որ Վազգենը «մարդ էր՝ մարդ տեսակ»՝ թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում և թե՛ շրջապատում։
«Ամբողջ կյանքում կմնա իմ մեջ կենդանի։ Թող բոլորս ապրենք իրենց տված խաղաղ երկնքի տակ, իրենց կյանքի նվիրած խաղաղ երկնքի տակ», — ասում է Բելլա Գրիգորյանը։
Վազգեն Գրիգորյանի հիշատակին կառուցվել է հուշաղբյուր, որը ոչ միայն նրա անունը հավերժացնող հուշավայր է, այլև հարազատների, ընկերների ու նրան ճանաչողների համար հիշողության նոր անկյուն։ Վազգեն Գրիգորյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Շուշիում տեղի ունեցած հրթիռակոծության ժամանակ։
«Վազգենի և իր մյուս զինակից ընկերների սխրանքը, որ տեղի ունեցավ Արցախում 44-օրյա պատերազմին, շարունակվելու է։ Այդ սխրանքի մասին պիտի խոսենք մեր գալիքի, մեր զավակների հետ միասին, որպեսզի մոռացության չմատնենք ոչ միայն Վազգենին, այլ նաև բոլոր նահատակներին, որոնք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհեցին», — նշեց Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը։
Գանձաքարի բնակիչ Աշոտ Մարդանյանի խոսքով՝ Վազգենին ճանաչողները նրան հիշում են որպես հարեհաս, մտերմիկ և բարություն ցանկացող մարդու։
«Վազգենի համար հայրենիքի գաղափարը առաջնային նշանակություն ուներ։ Ցանկացած գյուղացու մոտեցեք, որը երբևէ փոքր-ինչ առիթով շփվել է նրա հետ, նույն բանը կասի՝ հարեհաս, մտերմիկ, միայն լավը ցանկացող, իր լավ ծնողների լավագույն զավակը։ Վազգենի համար ամենակարևոր հասկացությունը հայրենիքն էր, հայրենիքի գաղափարը և իր հայրենի Գանձաքարը՝ որպես այդ հայրենիքի մի մաս», — ասում է Աշոտ Մարդանյանը։
Վազգեն Գրիգորյանի 50-ամյակին բացված հուշաղբյուրը տարիներ անց էլ կպատմի նրա մասին՝ որպես ծառայության, նվիրվածության և հայրենիքին անմնացորդ նվիրումի օրինակ։
Կարդացեք նաև՝




