Այս տարի լրացավ հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցած մշակութային գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։ Թեպետ Հովհաննես Շարամբեյանը ծնունդով Դիլիջանից չէր, սակայն նրա կյանքի կարևորագույն մի շրջափուլը կապվեց հենց այս քաղաքի հետ։ Առողջական խնդիրների պատճառով տեղափոխվելով Դիլիջան՝ Շարամբեյանը սիրահարվեց քաղաքին, որն էլ հետագայում դարձավ նրա ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը։
Օգոստոսի 16-ին՝ Շարամբեյանի ծննդյան օրը Դիլիջան քաղաքի Կալինինի 97 հասցեում, որտեղ տարիներ շարունակ ապրել է վարպետը, տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։
Դիլիջանցիները Շարամբեյանին մտերմիկ ու բարեկամաբար Վանիկ էին անվանում։ Շատերն այսօր էլ նրա հետ կապված ջերմ ու անմոռանալի հիշողություններ ունեն։ Իսկ նրա թողած արժեքներն ու գաղափարները կարևոր է փոխանցել հաջորդ սերունդներին՝ պահպանելով վարպետի հիշատակը և նրա ներդրումը հայկական մշակույթի զարգացման գործում։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ մեծանուն արվեստագետի բրոնզե կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։
Շարամբեյանի թողած ժառանգությունը հայկական ժողովրդական մշակույթի պահպանման ու հանրահռչակման կարևորագույն էջերից է և Դիլիջանի մշակութային ինքնության անբաժանելի մասը։
Դիտեք նաև՝




