Դիլիջանում օգոստոսի 15-ին հայկական մշակույթը հնարավոր էր տեսնել, լսել, համտեսել ու սեփական ձեռքերով ստեղծել։ Երաժշտություն, ազգային արհեստներ, տեղական բրենդներ ու հայկական խոհանոց՝ մեկ տարածքում։ Դիլիջանում առաջին անգամ անցկացվեց ARMAT Fest-ը։ Փառատոնի անվանումը պատահական չէր ընտրված․ «Արմատն» այստեղ կապ էր անցյալի ու ներկայի, ավանդույթի ու ժամանակակից մշակույթի միջև։
Ավանդական արհեստներից մինչև ժամանակակից հայկական դիզայն․ փառատոնի տարածքում ներկայացված էին տեղական բրենդներ ու արտադրողներ։ Այստեղ այցելուները կարող էին համտեսել ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից հայկական խոհանոցի ուտեստները։ «Արամտի» առանձնահատուկ հատվածներից մեկը հայկական ավանդական արհեստներին նվիրված վարպետության դասերն էին։ Որդան կարմիրի և ազգային տիկնիկագործության դասերի շուրջ այցելուների թիվն այնքան մեծ էր, որ մասնակիցների թիվն անցել էր հարյուրը։
Փառատոնի անցկացումը Դիլիջանում նաև քաղաքի՝ որպես զբոսաշրջային և մշակութային ուղղության զարգացման համատեքստում է։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված միջոցառումը կազմակերպվել էր նորաբաց Villa3 Community Hub-ի հարևանությամբ՝ բազմաֆունկցիոնալ համալիրի ապագա Համերգասրահի տարածքում։ Դիլիջանում արդեն մի քանի ամիս ապրող Արտեմի Զացեպինի համար քաղաքի գրավչությունը միայն իր սիրելի բնությունն ու լեռները չեն․ նա այստեղ վայելում է նաև մշակութային կյանքն ու այն համայնքը, որն ամեն օր նոր մարդկանց ու գաղափարների է միավորում։
Օրվա երկրորդ կեսին փառատոնի ռիթմն արդեն երաժշտական էր․ բեմում իրար հաջորդեցին Գարիկն ու Սոնան, «Լավ էլի» բենդy, «Միքայել Ոսկանյանն ու իր ընկերները»։ Այսպես ավարտվեց ARMAT Fest-ի առաջին թողարկումը՝ հաջորդ տարի վերադառնալու խոստումով։




