Դիլիջանն իր կանաչապատ փողոցներով, հին շինություններով ու յուրահատուկ մթնոլորտով, դարձել է նկարչուհի Աննա Բարսովայի հերթական ստեղծագործական ներշնչանքը։ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում հոկտեմբերի 3-ին բացվեց նկարչուհու «Իմ հոգու քաղաքը» անհատական ջրաներկ ցուցահանդեսը։ Այն նվիրված է Դիլիջանին և քաղաքի օրվան։ Ջրաներկով արված աշխատանքներում Աննա Բարսովան պատկերել է քաղաքի տարբեր անկյունները՝ փողոցները, շենքերը, բնությունն ու առօրյայի այն փոքրիկ դրվագները, որոնք հաճախ աննկատ են մնում, բայց քաղաքի կերպարի անբաժան մասն են կազմում։
Յուրաքանչյուր աշխատանքում Դիլիջանը ներկայացված է որպես քաղաք-բնակավայր՝ լույսի, գույների և տրամադրության իր առանձնահատուկ համադրությամբ։
Ցուցահանդեսը մի առիթ է ևս մեկ անգամ Դիլիջանին նայելու արվեստագետի աչքերով և բացահայտելու քաղաքի այն անկյունները, որոնք ջրաներկի միջոցով ստացել են նոր շունչ ու նոր պատմություն։ «Իմ հոգու քաղաքը» ցուցահանդեսը Դիլիջանի պատկերն է՝ քաղաք տեղափոխված նկարչուհու հիշողությունների, տպավորությունների և ստեղծագործական ընկալման համադրությամբ։





